SET SunChild Eco Tours

Էկոտուրիզմի հնարավորությունները

Էկոտուրիզմը Հայաստանում համեմատաբար նոր հասկացություն է: Այն իր հիմքում ունի բնության գրկում ճանապարհորդելու գաղափար: Այս գաղափարը սակայն ավելի լայն է, քան պարզապես  մի ճանապարհորդություն և ընդգրկում է կյանքի բոլոր կողմերը` կենդանական և բուսական աշխարհը, բնության ամբողջ բազմազանությունը,  բնապահպանությունը, ավանդույթները և սովորույթները, մշակույթը, հասարակությունը և մարդուն: էկոտուրիզմը ճանապարհորդություն է այն վայրերը, ուր շատ թե քիչ պահպանված է անաղարտ բնությունը: Այդպիսի ճանապարհորդությունները չեն խախտում էկոլոգիական համակարգերի ամբողջականությունը: Դրանք հիմնականում տվյալ տարածքի բնական և մշակութային-ազգագրական առանձնահատկությունների մասին պատկերացում ստանալու նպատակ են հետապնդում: Միաժամանակ էկոտուրիզմը յուրահատուկ մի միջոց է տեղացիների համար բնության պահպանությունը շահավետ դարձնելու համար: Այսինքն էկոտուրիզմը դեպի բնություն կողմնորոշված տուրիզմի ձև է և միաժամանակ բնության պաշտպանություն:

Էկոտուրիզմի զարգացմանը նպաստեց տուրիստական գործակալությունների հաճախորդների ցանկությունը ստանալ նոր և անկրկնելի տպավորություններ, նպաստել բնության պահպանմանը, զանվածային տուրիզմի նկատմամբ հետաքրքրության նվազումը:: Հայաստանը մեր տարածաշրջանում կարող է համարվել էկոտուրիզմի համար ամենաբարենպաստ գոտիներից մեկը:

Հայաստանը գտնվելով ծովի մակարդակից 390- 4090մ բարձրության վրա` իր փոքր տարածքում ներառել է բնական անսահման բազմազանություն` քարե կիսանապատներից մինչև ճահճուտներ, սաղարթավոր անտառներ և ալպիական մարգագետիններ: Հայաստանում տարվա ընթացքում բույն են հյուսում 360-ից ավելի թռչնատեսակներ, մինչդեռ ամբողջ Եվրոպայում դրանց քանակը ընդամենը 400-500 է: Հատկանշական է, որ հենց Հայաստանում է աճում ցորենի վայրի նախնին: Հայաստանում հանդիպող մուֆլոնը իր ազգակիցների մեջ համարվում է միկաը և անկրկնելին: Հյուսիս-արևելքում, Խոսրովի անտառում, Վայքում, Զանգեզուրում կարելի է հանդիպել  հովազի, կովկասյան գորշ արջերի, լուսանների, գայլերի և այլն:  Հայաստանում մեկ քառակուսի կիլոմետր տարածության  վրա կարելի է հանդիպել 100-ց ավելի բուսատեսակ, ինչը համաշխարհային չափանիշներով համարվում է ռեկորդային: Հայկական բուսատեսակներից 200 համարվում են ռելիկտային:

Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների մեկ քարրորդը, ինչպես նաև բազմաթիվ ռելիկտային բուսատեսակներ միջազզային առումով գտնվում են անհետացման եզրին: Դա բացատրվում է նրանով, որ Հայաստանի հողատարածքի մի զգալի մասը ինտենսիվ կերպով շահագործվում է: Բայց Հայաստանում, հատկապես բարձր լեռնային գոտում և կիսանապատային տարածքներում դեռ կան կուսական տարածքներ:

Մարդկային գործնեության համար անմատչելի, գյուղատնտեսական շահագործման համար անօգուտ այդ տարածքները դարձել են յուրատեսակ Նոյան տապան բազմաթիվ էնդեմիկ տեսակների համար: Միջնադարում այստեղ կարող էիր հանդիպել միայն ճգնավորների, որոնք այստեղ էին գալիս երկնքին և Աստծուն մոտիկ լինելու համար:

Հայաստանում վանքերը կառուցված են բնակության վայրերից հեռու, այնտեղ ուր բնությունը հիասքանչ է և երկյուղածություն է ներշնչում Աստծո արարչագործության հանդեպ: Ամբողջական էկոլոգիան իր մեջ չի կարող չներառել պատմությունը: Պատմական և բնական հուշարձանները փոխկապակցված ու միասնական են: Հայստանում կուսական տարածքներում բնության և պատմության ու մշակութի հուշարձանների բազմազանությունը լրացնում են իրար:

Սակայն վերջին տասնամյակում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը հանգեցրել է բնական պաշարների անխնա, երբեմն անմիտ օգտագործմանը, քանզի այն հաճախ արվել է առանց համապատասխան սրտացավության և առանց մասնաgետների հսկողության, առանց անհրաժեշտ գիտելիքների: Դա հանգեցրել է բնական համակարգերի` անտառների, ճահճուտների, լեռնային մարգագետինների ընդհանուր վիճակի վատթարացմանը, որ կարող է անուղղելի հետևանքներ ունենալ: Այս ամենի հետևանքով կարող են  անհետանալ բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այդ թվում էնդեմիկ և արժեքավոր տեսակներ: Պետության գործադրած ջանքերը չեն լուծում Հայաստանի առջև ծառացած էկոլոգիական  բոլոր խնդիրները: Որպես հեռանկարային ուղի այս խնդիրները լուծելու համար էկոլոգիական տուրիզմը անփոխարինելի է:

 

some invisible text to give the div a reason to expand ;)